Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ։
Մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը յուրաքանչյուր տարի ոչ միայն աշխարհագրությունն է մեծացրել, այլև կատարողական վարպետության չափանիշները, ավելացել է ժյուրիի ներկայացուցչական կազմը, ամենակարևորը, յուրաքանչյուր տարի անդրադարձել է ինչ-որ նորամուծության, մասնավորապես`սահմանել նոր մրցակարգեր: Փոխնախարարն ընդգծեց, որ այս տարի մրցույթն անցկացվում է դիրիժորություն մրցակարգում, ինչը շատ յուրահատուկ է, որովհետև միջազգային ասպարեզում դիրիժորություն մասնագիտությամբ մրցույթներ հազվադեպ են լինում:
Այս տարի ներկայացվել է 57 հայտ, մրցանակային փուլ են անցել 12-ը:
Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ խոսքով` բավական դժվար էր ընտրություն կատարելը, որովհետև կային շատ պրոֆեսիոնալ, տաղանդավոր դիրիժորներ. «Վստահ եմ, նրանք հետագայում կգան Երևան, համերգներ կտան մեր նվագախմբերի հետ: Նաև որոշում ենք կայացրել, որ դիրիժորները կատարեն հայ կոմպոզիտորի նոր ստեղծագործություն: Այս տարի կանդրադառնան Էդվարդ Հայրապետյանին: Ամեն տարի կլինի նոր անուն»:
Բանախոսը նշեց նաև, որ օբյեկտիվություն ապահովելու համար խորհրդակցությունը կբացառվի, ժյուրիի անդամները կդնեն նիշերը, այնուհետև թվաբանական գումարումից հետ կստանան արդյունք:
«Իրատեսի»` «Ի՞նչ չափանիշներով են գնահատվում մասնակիցները» հարցին ի պատասխան մրցույթի ժյուրիի նախագահը, Հայաստանի ժողովրդական արտիստ, դիրիժոր ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆՆ ասաց, որ գնահատվում է իմացությունը, թե ինչքանով է դիրիժորը տիրապետում ստեղծագործությանը, ապա ներքին ունակությունները, դեմքը. «Շատ կարևոր է նաև առանձնահատուկ մոտեցումը: Պետք է ունենա արտահայտչամիջոցներ` հատուկ միայն իրեն: Եթե այս երկու հիմնական սկզբունքները` գործի լավագույն իմացությունը և առանձնահատուկ ունակությունները կարողանան նվագախմբի առաջ ցուցադրել, մնացած բոլոր հարցերը`տեխնիկան, այլ արտահայտչամիջոցները, ինքնըստինքյան պարզ կլինեն»:
Մրցույթին մասնակցում են դիրիժորներ Ճապոնիայից, Լեհաստանից, Իտալիայից և այլ երկրներից: «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն ԱՆՆԱ ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ փոխանցմամբ`Հայաստանից ունենք մեկ մասնակից, ով, սակայն, որոշել է մրցույթում ուժերը փորձել եկող տարի: Լիբանանի հայազգի մասնակիցը ավարտել է Երևանի կոնսերվատորիան, փաստացի ներկայացնում է հայկական դիրիժորական դպրոցը: ՈՒնենք հայ դիրիժոր նաև Ռուսաստանի Դաշնությունից: Մրցույթը կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին: Աննա Տեր- Հովակիմյանը նշեց, որ կհնչեն ամենասիրված և հայտնի ստեղծագործությունները: Դիրիժորական վահանակի մոտ լինելու են ժյուրիի անդամները, ինչ-որ տեղ նաև վարպետության դաս կլինի մասնակիցների համար:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ